ԳլխավորԼուրԿրթություն

Որքան դիմորդ կա ՀՀ-ում այս տարի

Այս տարի ՀՀ բուհեր են դիմել 13360 մարդ, usanogh.am-ին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Ամենաշատը, ըստ առարկաների, դիմել են «Մաթեմատիկա» հանձնելու համար՝ 5185 մարդ (այդ թվում Արցախում՝ 207), ապա՝ «Անգլերեն» (4342, Արցախում՝ 96) ու «Հայոց լեզու և հայ գրականություն» (4074, Արցախում՝ 322)։

Նշենք, որ 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ։ Դիմորդներն ընդունելության համար կհանձնեն երկու միասնական քննություն:

Հիշեցնենք` հայտագրումը մեկնարկել է ապրիլի 15-ին ու ավարտվել է մայիսի 10-ին:

Դիմորդների այս տարվա ընդունելության առաջին փուլի ամբողջական վերլուծությունը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի առաջիկայում:

Հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկատարվի երկրորդ փուլով դիմում-հայտերի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կատարվում է նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:

Հուլիսի 19-26-ը կատարվելու է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

Comment here