ԳլխավորԼուրԿրթություն

Պարգեւներ՝ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա  հաղթողների պարգևատրման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվելու են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական: Ներբուհական փուլն ավարտելուց հետո բուհերը մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացրել մրցույթի առաջին փուլի արդյունքներով հաղթած ուսանողների փաստաթղթերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեկտեմբերի 2-ի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովն ամփոփել է երկրորդ` հանրապետական փուլի արդյունքները և հաղթող է ճանաչվել (1-3-րդ տեղեր) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում սովորող 38 ուսանող՝ 15 բուհից: Մրցանակները տրվել են 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ, սպորտ):

2019 թ. «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը շնորհվել է 14 ուսանողի, 2-րդ և 3-րդ տեղերը`  12-ական ուսանողի.

1-ին տեղ` 420.000 /չորս հարյուր քսան հազար/ դրամ,
2-րդ տեղ՝ 300.000 /երեք հարյուր հազար/ դրամ,
3-րդ տեղ՝ 210.000 /երկու հարյուր տաս հազար/ դրամ:

Comment here