ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական քննությունները):
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
- վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
- բժշկական տեղեկանք (անգլերեն),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Փաստաթղթերը ընդունվում են 2024 թվականի մարտի 11-25-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն /արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-96-44; +37410-59-96-46)։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը պետք է չգերազանցի 2250 վրացական լարին: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 վրացական լարի: Վրացական կողմի նպատակահարմարության պարագայում մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքի ստուգում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-44, +374 10-59-96-46):