Լուր

Հայաստանի 5 ԲՈՒՀ-երում կներդրվի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։

Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակում: Համանման ծրագիր հաջողությամբ արդեն ներդրվել է Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 55 բուհում:

Այժմ ընթանում է դասընթացի նյութերի մշակումը, ծրագիրը նախատեսում է նաև դասախոսների վերապատրաստման բաղադրիչ և հատուկ ձեռնարկ ուսանողների համար: Ծրագրի հաջող փորձարկումից հետո այն կներդրվի նաև մյուս բուհերում։

Դասընթացը նպատակ ունի ինտերակտիվ ուսուցման մեթոդներ կիրառելով խթանել ակտիվ քաղաքացիությունը` ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմամբ:

Comment here