Այսօր ժամը 15։30-ի սահմաններում Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, և երկաթյա «շիթերը» ընկել են բետոնագործ, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանի վրա։ Նա տեղում մահացել է։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարը՝ արխիվային