ԳլխավորԼուր

Պատանին եղել է ականջակալներով ու գնացքին մեջքով կանգնած. դժբախտ պատահարի մանրամասները

Գնացք, ՀԿԵ

Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Չնայած արտակարգ արգելակմանը՝ գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր, հայտնում են ՀԿԵ-ից։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում։

«Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին ու ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, արցախցի պատանին եղել է ականջակալներով և չի լսել մեքենավարի ազդանշանները: