ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ը հայկական մշակույթն է ներկայացրել Իտալիայում

ՃՇՀԱՀ-ը հայկական մշակույթն է ներկայացրել Իտալիայում

Իտալիայի Կիետի քաղաքը մի ամբողջ շաբաթ ապրում էր հայկական մշակույթի շնչով, վերածվելով հայ-իտալական մշակութային համագործակցության կենտրոնի, հայտնում են ՃՇՀԱՀ-ից։

Միջոցառումը կազմակերպվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Աննունզիոի անվան Կիետի-Պեսկարայի համալսարանի և Մարուչինո թատրոնի համագործակցությամբ՝ Erasmus+ ծրագրի շրջանակում։

Միջոցառման ընթացքում թատրոնի բեմը հյուրընկալեց հայ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին, թատրոնի ճեմասրահում շաբաթվա ընթացքում ցուցադրվեցին Իրինա Վանյանի ձեռագործ տիկնիկները, ինչպես նաև անցկացվեցին տիկնիկագործության վարպետության դասեր։

Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական մեղեդիներ դուդուկի և քանոնի կատարմամբ, կատարվեցին Կոմիտասի ստեղծագործություններ, ինչպես նաև ներկայացվեց իտալացի ուսանողների թատերական բեմադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին: Տեղի ունեցան Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական երեկոներ, հայկական պարի վարպետության դասեր և Կ. Ավալյանի փայտի փորագրության ներկայացումներ:

Գրական և թատերական հատվածը ընդգրկեց երկլեզու ընթերցումներ՝ Նարեկացու և Դանթեի գործերից, ինչպես նաև հայ-իտալական հոգևոր և մշակութային կապերը ներկայացնող դասախոսություններ: Բեմ բարձրացան նաև Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված թատերական ներկայացումներ, Հ. Թումանյանի երեք հեքիաթների ներկայացումներ՝ «Կացին ախպեր», «Կիկոսի մահը», և «Մի կաթիլ մեղրը», որոնք համադրեցին դասական հումորը ժամանակակից բեմական լուծումների հետ՝ ստեղծելով թարմ ու յուրահատուկ մեկնաբանություններ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews