ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորներին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորներին

Փետրվարի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈւ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։

«Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ փետրվարի 1-ից փաստացի լուծարվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը, որը ստեղծվել էր 1997թ․ նոյեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։ Դրանից առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ ճնշումներ են գործադրվում գնդերեցների նկատմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» օրակարգին միանալու համար։

Օրերս Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանի տվյալներով՝ 42 գնդերեցներից 4-ը միացել են «բարենորոգման» ծրագրին։