Փետրվարի 27-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, Միածնաէջ Մայր տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։
Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում փողոցներում ու տներում սպանվել են, պաշտոնական տվյալներով՝ 26, ոչ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր հայ։ Ողջ մնացած հայերն էլ ամեն ինչ թողնելով՝ մի կերպ կարողացել են փախչել ուղղորդվող ամբոխի տիապետության տակ գտնվող քաղաքից։
Հակահայկական ալիքը բարձրացել էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Արցախի (այն ժամանակ՝ ԼՂԻՄ) իշխանությունները դիմել են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ հայտնելով, որ Արցախը ցանկանոմ է դուրս գալ Ադրբեջանի կազմից (որին բռնակցվել էր 1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ) ու միանալ մայր հայրենիքին՝ Հայաստանին։



