Իրանի փորձագետների խորհուրդը հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին երեկ ուշ երեկոյան ընտրել է երկրի նոր գերագույն առաջնորդ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Մոջաթաբա Խամենեին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 8-ին Մեշխեդում՝ բնակչության թվով Իրանի երկրորդ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի և Մանսուրա Հոջաստա Բաղերզադեի 6 երեխաներից երկրորդն է։ 1987 թվականին ավարտել է դպրոցը Թեհրանում և միացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։ Ծառայել է իրան-իրաքյան պատերազմի (1980-1988) վերջին տարիներին։ Ծառայակիցների թվում ԻՀՊԿ ապագա ազդեցիկ ղեկավարներն էին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



