ԳլխավորԼուր

Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը

«Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը, որի շրջանակում«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 26-ին տեղի է ունեցել «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը. ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստան ժամանած Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձենի գլխավորած պատվիրակության անդամները, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն, Հայաստանում վրացական համայնքի ներկայացուցիչներ, արվեստասերներ։

Էլիսո Բոլքվաձեի այցի ընթացքում նախատեսված է հագեցած մշակութային և կրթական ծրագիր՝ միտված հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը, երիտասարդ տաղանդների խրախուսմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը։ Նախատեսված են այցելություններ Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և այլ կրթամշակութային հաստատություններ:

Աջարիայի մշակույթի օրերն անցկացվում են մարտի 25-29-ը. «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը մարտի 28-ին կանցկացվի նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews