ԳլխավորԼուր

Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը

Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը Մեղրիում

Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում կդառնա ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Փառատոնի այցելուները ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, բացահայտել մարզին բնորոշ բացառիկ խոհարարական հմտությունները: Փառատոնի շրջանակում Մեղրիում ներկայացված են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք: Փառատոնի գլխավոր նպատակն է ձևավորել ստեղծարար համայնք՝ Մեղրի համայնքի մշակութային ինքնատիպության և ստեղծարար ներուժի աշխուժացմամբ՝ միավորելով Մեղրիի և Հայաստանի տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ մշակութային հարթակում։ Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կազմակերպվել են նաև կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ՝ լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով։ Տեղի է ունեցել նաև լարախաղացության ներկայացումը:

Փառատոնային ծրագիրը եզրափակվել է երեկոյան համերգային կատարումներով. ելույթ են ունեցել «Կաթիլ» բենդը, Թանգարանի «Մանել» երգչախումբը և «Վարը վարենք» կրթամշակութային կազմակերպությունը։

Փառատոնի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։

Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews