Երևանի Բագրատունյաց փողոցի դեղատներից մեկում այցելուների ուշադրությունը դեղերից առավել գրավում են 65-ամյա Ռաֆայել Հարությունյանի ձեռքի աշխատանքները, ով միայն 60 տարեկան հասակում գտավ իր հոգու դեղը՝ իրեն այդքան հանգստություն բերող կավագործությունը։ Դեղատունը պատկանում է մեր հերոսին, որտեղ էլ հաճախ, դեղերից քիչ հեռու, ցուցադրում է իր աշխատանքները,
-Երբեմն այցելուները մոռանում են դեղերի անուններն ու ասում, որ ես եմ մեղավորը. աշխատանքներս այնքան գեղեցիկ են, որ շեղում են իրենց ուշադրությունը և մոռանալ տալիս դեղատուն այցելելու նպատակը:
Ռաֆայել Հարությունյանն իր տան նկուղը` մի դատարկ և հողային տարածք, իր ձեռքերով արվեստանոց է դարձրել, որտեղ էլ անցկացնում է օրվա մեծ մասը։ Ստեղծագործում, արարում և կավին է հանձնում այդ պահի իր մտքերն ու տրամադրությունը։
-Տարածքը, որտեղ հիմա աշխատում եմ, երկար տարիներ որպես խորդանոց է ծառայել, ավելորդ և ոչ պետքական իրերը այդտեղ են պահվել: Հիմա դա արվեստանոց է կոչվում, որտեղ պահվում են ինձ համար ամենակարևոր աշխատանքները։
Արվեստանոցում նվագարկիչը գրեթե միշտ միացված է` աշխատանքային գործիքների ձայներին խառնվելու և տրամադրություն ստեղծելու համար։ Երգերի ընտրության հետ վարպետը կապ չունի, բայց ճաշակով նվագարկիչ է, ասում է։
-Ռադիոն իմ ընկերն է: Որոշել էի հեռուստացույց գնել, հետո մտածեցի` աշխատե՞մ, թե՞ հեռուստացույց նայեմ, ավելի լավ է ռադիո գնեմ։
Կյանքի ընթացքում բազմաթիվ մասնագիտություններ և աշխատանքներ փորձած մեր հերոսը կավագործի աշխատանքին յուրահատուկ սիրով է մոտենում։
-Կյանքում ինչ գործ ասես, որ ձեռք չեմ գցել` ձկնորսությունից մինչև կարի արտադրամաս, բայց հենց կավի հետ գործ ունեցա, հասկացա, որ սա իմ կյանքի ուղեկիցն է։
Ռաֆայելը նոր մասնագիտությունը սովորել է համացանցից։
-Ես ուսուցիչ չեմ ունեցել, իմ ուսուցիչը եղել է համակարգիչը ու այն փորձը, որը ժամանակի ընթացքում ձեռք եմ բերել` օր օրի հմտանալով։
Արվեստանոցում շարված յուրաքանչյուր աշխատանքից մեկական օրինակ է, քանի որ աշխատանքները ստեղծվում են պահի երևակայությամբ։
-Ես երբեք մտածված և նախօրոք որոշած չեմ նստում աշխատելու, միշտ կավին եմ հանձնում տվյալ պահի տրամադրությունս, յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է հոգեվիճակս։
Ընտրած արվեստի մեջ մեր հերոսի հետաքրքրությունն ու կարողությունը միայն կավագործությամբ չսահմանափակվեց։ Կավագործությունից բացի նաև դուրգ է պատրաստում։
Երբ որոշեց սկսել զբաղվել կավագործությամբ, ոչ գործիք ուներ, ոչ էլ սարքավորում, համացանցում շատ տարբերակներ գտավ, բայց վստահ չէր դրանց որակի վրա, և երկար փնտրտուքներից հետո որոշեց իր ձեռքով պատրաստել։
Դուրգ պատրաստելը իր համար գումար աշխատելու միջոց է, իսկ կավագործությանը նայում է որպես սիրելի զբաղմունքի։
-Երբ ցանկանում էի դուրգ գնել, դժվար կացության մեջ ընկա: Բացի այն, որ չէի վստահում որակին, նաև հասկացա, որ բավականին թանկ արժե, և որոշեցի, որ ինքս պետք է պատրաստեմ, առաջին դուրգս հենց ինձ համար պատրաստեցի` անհրաժեշտությունից ելնելով, հետո որոշեցի ուրիշների համար ևս պատրաստել և դրանով գումար վաստակել։ Չափեցի- ձևեցի, խորհրդակցեցի տարբեր մասնագետների հետ և գործի անցա։
Նա վստահեցնում է, որ իր պատրաստած դուրգը արտասահմանում պատրաստած դուրգերին զիջում է միայն արժեքով։
Ռաֆայելը, որը կյանքում շատ դժվարություններ է տեսել, ասում է, որ կավի մեջ գտել է իր հանգստությունը։
-Բոլոր տարրերը կան կավի մեջ` հող, կրակ, ջուր, երևի դրա համար եմ այսքան սիրում կավով աշխատել։
Արվեստանոցում աշխատանքները պահելու տեղ էլ չի մնացել, բայց ոչ նվիրել, ոչ էլ վաճառել նա չի կարողանում. դժվար է իր աշխատանքներից հրաժարվելը։
-Կինս է երբեմն վաճառում,- ափսոսանքով ասում եմ` ինչի ես վաճառել։
Կավագործ Ռաֆայելին իր արվեստանոցում երկար ժամանակ մենակ չեն թողնում. նրա կերպարը հետաքրքրում է շատերին, և հաճախ են գալիս վարպետի հետ ծանոթանալու։ Նա էլ իր հերթին ծանոթացնում է կավագործության գաղտնիքներին և անգամ օգնում կավով որևէ բան պատրաստել։
-Ինձ հաճախ այցելում են ուսանողներ, լրագրողներ, սիրով ընդունում եմ, ինքս էլ ինձ լավ եմ զգում այդ ուշադրությունից և ցուցաբերած հետաքրքրությունից։ Շատերի պատրաստած աշխատանքները արվեստանոցում են պահվում, ես ինձնից եմ հուշ թողնում իրենց նյութերում, իրենք իրենցից` իմ հավաքածուներում։
ԳՈՀԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս