ԳլխավորԼուր

Նախարարն այցելել է Գորիսի թիվ 5 ու Հարժիսի դպրոցներ

Նախարարն այցելել է Գորիսի թիվ 5 ու Հարժիսի դպրոցներ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք հանրակրթական հաստատություններ։

Առաջինը Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցն էր: Այս տարեսկզբից դպրոցի շուրջ 200 աշակերտ արդեն ուսումը շարունակում է արդիականացված, հարմարավետ և բարեկարգ պայմաններում։ Նախարարը շրջել է վերանորոգված դպրոցում, ծանոթացել ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին, դասասենյակների և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանը:

Նա նաև զրուցել է ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց, որի ավելի քան 80 սաներն այս տարեսկզբից ուսումնառություն են ստանում ժամանակակից և արդիական միջավայրում: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կրթահամալիրի ենթակառուցվածքային պայմաններին և առանձնահատկություններին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների հետ, քննարկել կամավոր ատեստավորմանը և տարակարգի շնորհմանն առնչվող հարցեր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Գորիսի թիվ 5 դպրոցը