ԳլխավորԼուր

Ֆրանկոֆոն կինոարվեստանոցն ամփոփել է առաջին թողարկման աշխատանքները

Ֆրանկոֆոն կինոարվեստանոցն ամփոփել է առաջին թողարկման աշխատանքները

Նախօրեին ֆրանկոֆոն կինոարվեստանոցն ամփոփեց առաջին թողարկման աշխատանքները, Usanogh.am-ին հայտնում են ԵԹԿՊԻ-ից։ Այն ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև վերջին տասնամյակների մշակութային գործունեության կարևորագույն շարունակությունն է։

Նախորդ ամիսներին անցկացված դասընթացների ընթացքում մասնակիցներն աշխատել են հրավիրյալ երեք անվանի մասնագետների՝ կինոռեժիսոր Մարսել Շուպբախի, մոնտաժի ռեժիսոր Ալեքսանդրա Ստրոսի և սցենարիստ Առնո Լուվեի հետ: Ձեռք բերված տեսական ու գործնական հմտությունների հիման վրա ուսանողներն անցնում են հաջորդ փուլին. նրանք առաջիկայում համատեղ ուժերով կնկարահանեն գեղարվեստական ֆիլմ:

Կինոյի տանը կայացավ Կինոարվեստանոցի առաջին թողարկմանը մասնակիցների հանդիպումը Սերժ Ավետիքյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպի, սցենարիստ Առնո Լուվեի և կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի հետ։ Նրանք զրուցեցին մասնակիցների հետ իրենց փորձառության, նախորդող ամիսների դասընթացների արդյունավետության, հեռանկարների և մասնագիտական ապագա ուղու մասին: Քննարկման առանցքում էին նաև արվեստանոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումն ու ուսանողների առաջիկա ֆիլմի ստեղծման մանրամասները:

Արվեստանոցի ընթացքում հրավիրյալ մասնագետներն անդրադարձել են կինոարտադրության երեք առանցքային հարթությունների՝ ռեժիսուրային, մոնտաժին և սցենարական դրամատուրգիային. կինոռեժիսոր Մարսել Շուպբախը կենտրոնացել է կինոլեզվի ինքնատիպության, հեղինակային անկեղծ հայացքի որոնման և տարածության ու ժամանակի կազմակերպմամբ սեփական գեղագիտական տիեզերքի ձևավորման վրա՝ հենվելով կինոպատմության էվոլյուցիան արտահայտող դասական ժապավենների վերծանման վրա։

Մոնտաժի ռեժիսոր Ալեքսանդրա Ստրոսը բացահայտել է մասնագիտության ներքին նրբությունները, տարբեր մշակույթների ռեժիսորների հետ համագործակցության փորձը և գեղարվեստական ու վավերագրական կինոյի սահմանագծերը՝ սեփական գործերի և Ժորժ Ֆրանժուի կինոնկարի վերլուծությամբ, իսկ սցենարիստ Առնո Լուվեն արժևորել է կինոլեզվով հանդիսատեսին հարցադրումներ փոխանցելու արվեստը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews