ԳլխավորԼուր

Վանաձորում մեկնարկել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ փուլը

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ փուլը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։ Մրցույթի մարզային փուլերն այս տարի ունեցել են 1320 մասնակից, որոնցից հանրապետական փուլ են անցել 147-ը։

Մրցույթը, որն անցկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագիրը, նպատակադրված է նպաստել պատանիների ալգորիթմական մտածողության զարգացմանը և բացահայտել վաղվա տեխնոլոգիական առաջնորդներին։

ԱՏՁՄ տնօրենի խորհրդական Սեդրակ Վարդանյանը բացման իր ելույթում շնորհավորեց մասնակիցներին մրցույթի մեկնարկի կապակցությամբ։

«Ես մասնակցել եմ նախորդ տասը մրցույթներին և հնարավորություն եմ ունեցել տեսնելու, թե ինչպես է այս նախաձեռնությունը տարեցտարի աճում ու զարգանում։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր նոր տարի մեզ համար կբերի ավելի մեծ ձեռքբերումներ, ավելի բարձր արդյունքներ և ավելի մեծ ակնկալիքներ, քան նախորդը։ Այսօր տարբեր վայրերում հաճախ հանդիպում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նախկին սաներին։ Տարիներ առաջ տնկված այն փոքրիկ շիվերը, որոնց աճին ու զարգացմանը նպաստել ենք, արդեն տալիս են իրենց պտուղները։ Նրանց հաջողությունները լավագույն ապացույցն են, որ ներդրված աշխատանքն ու ջանքերը արդյունք են տալիս։ Վստահ եմ, որ մի քանի տարի անց նույն հպարտությամբ կհանդիպենք նաև ձեզ, կտեսնենք ձեր հաջողությունները և կհասկանանք, որ այսօրվա ձեր առաջին քայլերը դարձել են վաղվա մեծ նվաճումների հիմքը»,-նշեց նա։

Սեդրակ Վարդանյանը հավելեց՝ «Արմաթ»-ն այսօր դարձել է մեծ ու ուժեղ համայնք։

ԱՏՁՄ տնօրենի խորհրդական Սեդրակ Վարդանյանը«Այսօր Հայաստանում գործում է շուրջ 650 «Արմաթ» աշխատանոց, և մեր նպատակը յուրաքանչյուր դպրոցում նման հնարավորության ստեղծումն է։ Մենք ձգտում ենք աշխատանոցների թիվը հասցնել 1200-ի, ձևավորել հզոր տեխնոլոգիական համայնք, որը կդառնա երկրի զարգացման շարժիչ ուժը։ Հայաստանի ապագան մեծապես կախված է ձեր գիտելիքներից, նախաձեռնողականությունից և ստեղծարար մտածողությունից։ Մաղթում եմ բոլորիդ հաջողություն, նոր գաղափարներ, համարձակություն և հաղթանակներ։ Թող այս մրցույթը դառնա ձեր նոր ձեռքբերումների և մեծ հաջողությունների սկիզբը»,-եզրափակեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի ղեկավարը։

2015 թվականից անցկացվող «ԴիջիԿոդ»-ը դարձել է Հայաստանի կարևորագույն տեխնոլոգիական և կրթական իրադարձություններից մեկը՝ միավորելով ծրագրավորմամբ հետաքրքրված պատանիներին Հայաստանի բոլոր անկյուններից։

«ԴիջիԿոդ 2026»-ն անցկացվում է մի շարք անվանակարգերով՝ ընդգրկելով հետևյալ ուղղությունները՝ վիրտուալ լաբորատորիաներ, սարքերի ինտեգրում, հեքիաթներ, պատմումներ, համակարգչային խաղեր, ինտերակտիվ անիմացիա ֆինանսական գրագիտություն, KTurtle/Կրիայ օլիմպիադա, Python օլիմպիադա։

«Ֆինանսական գրագիտություն» անվանակարգն այս տարի անցկացվում է առաջին անգամ։

Մրցույթի ծրագրում ներառված «KTurtle/Կրիայ» և «Python» օլիմպիադաներն ուղղված են լավագույն ալգորիթմական լուծումների բացահայտմանը։ Մասնակիցները կարող են ներկայացնել նաև սարքերի ինտեգրման նախագծեր՝ Python կամ C++ ծրագրավորման լեզուների կիրառմամբ։

Կրիայ և Python օլիմպիադաներին մասնակցությունը նախատեսված է անհատական ձևաչափով, իսկ մյուս անվանակարգերում երեխաները մասնակցում են ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով։

Հաղթողներին, ինչպես միշտ, սպասում են դրամական մրցանակներ, «Արմաթ» տեխնոճամբարի ուղեգրեր և արժեքավոր այլ նվերներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews