Հայաստանի հրաձգության հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվեց աշխարհի չեմպիոն, հայտնում է Հրաձգության ֆեդերացիան։
Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավոր արդյունքով նվաճեցին ոսկե մեդալ՝ ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին այս առաջնությունում։
Ավելի վաղ հայ մարզիկները անհատական պայքարում 2 ոսկի էին շահել։ Տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանն էր 384 միավորով գրավել առաջին տեղը (դա աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր հրաձգությունից), իսկ կանանց երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաձիգ Աիդա Ազատյանն էր 379 միավոր արդյունքով հռչակվել չեմպիոն։
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այն անցկացվում է հուլիսի 20-26-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


