ԳլխավորԼուր

Ուսանողների միջազգային օրն ուսանողների հետ

Ժաննա Անդրեասյանն Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ

Ուսանողների միջազգային օրվա առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ՝ շնորհավորելու տոնի կապակցությամբ և քննարկելու նրանց հուզող հարցերը, հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Այսպիսի օրերը ոչ միայն միմյանց շնորհավորելու առիթ են, այլև հնարավորություն՝ խոսելու այն հարցերից, որոնք հուզում են Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողներին: Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, և այն պետք է արդյունավետ օգտագործել՝ լինելով հնարավորինս պահանջկոտ կրթության որակի հանդեպ»,- դիմելով ուսանողներին՝ ասել է նախարարը:

Նրա ընդգծմամբ՝ ուսանողների ամբողջական ներգրավվածությունը կրթության գործընթացին պետք է լինի ազդակ կրթությունը կազմակերպող բոլոր կառույցների և պատասխանատուների համար՝ իրականությունից չկտրվելու և կրթության որակը շարունակաբար բարելավելու առումով: Նախարարը շեշտել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս ուսանողական միությունների ձևաչափով համախմբվել և ներկայացնել սեփական շահերը, ինչպես նաև ուսանողական կյանքն ու փորձառությունը դարձնել ավելի բովանդակալից:

Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարն անդրադարձել է ակադեմիական քաղաքի կառուցման ընթացքին. ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման առաջին փուլի շրջանակում 2027 թվականից նախատեսվում է մեկնարկել 3600 ուսանողի համար ժամանակակից և հարմարավետ բնակելի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Զուգահեռաբար կընթանան նաև տեխնոլոգիական կլաստերի ստեղծման և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների ապահովման գործընթացները։ Այս առիթով այսօր նաև հուշագիր է ստորագրվելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհավորել է ուսանողներին տոնի կապակցությամբ, մաղթել հետևողականություն՝ իրենց առջև դրված խնդիրները բարձրացնելու և կրթական իրավունքները լիարժեք իրացնելու հարցում:

«Ամենակարևորը, ինչը ձեզ կմաղթեի, դա պահանջկոտությունն է կրթության որակի հանդեպ։ Կարծում եմ, որ մեր ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է։ Եվ գիտե՞ք, հատկապես ուսանողական տարիքը այն տարիքն է, երբ մտածում ես, որ ժամանակը միշտ կհերիքի, ու ամեն ինչ կհասցնես։ Եվ թերևս ժամանակի հանդեպ այս վերաբերմունքը ոչ միշտ է, որ մեզ հնարավորություն է տալիս խնդիրներին կենտրոնացած մոտենալու»,- նշել է Անդրեասյանը՝ հորդորելով ուսանողներին անտարբեր չլինել կրթական գործընթացի նկատմամբ: Եթե դասավանդվող նյութը լիարժեք չի համապատասխանում իրենց ակնկալիքներին կամ մասնագիտական պատկերացումներին, չխուսափել դասախոսների հետ այդ մասին խոսելուց, բարձրաձայնել խնդիրներն ու ներկայացնել առաջարկներ։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են բակալավրիատում և մագիստրատուրայում անվճար տեղերի ավելացմանը, տարկետման հնարավորություններին, ակադեմիական ազատությանը, ուսումնառությունն աշխատանքի հետ համատեղելու ձևաչափերին, փորձնակների ինստիտուտի ներդրման արդյունավետությանը, PISA-ի արդյունքների բարելավմանը, հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրմանը, ընդունելության համակարգի փոփոխությանը և այլն: