ԳլխավորԼուրՈւսումնառություն արտերկրում

Մեծ Բրիտանիան մտադիր է նվազեցնել միջազգային ուսանողների թիվը

Համալսարանները կարող են սնանկանալ, եթե կառավարությունը սահմանափակի միջազգային ուսանողների թիվը ՝ փորձելով նվազեցնել զուտ միգրացիան, նախազգուշացրել է ներգաղթի գծով քաղաքականության խորհրդականը:

Ռիշի Սունակի (Մեծ Բրիտանիայի վարչապետ – խմբ.) ՝ «անորակ» դիպլոմներ ստացող միջազգային ուսանողների թիվը սահմանափակելու հնարավոր ծրագիրը կարող է «շատ համալսարաններ անդունդի եզրին կանգնեցնել» հատկապես աղքատ շրջաններում, ասել է կառավարության Միգրացիոն խորհրդատվական կոմիտեի նախագահը:

Պրոֆեսոր Բրայան Բելը BBC Radio 4-ի «Այսօր» ծրագրին տված հարցազրույցում ասել է. «Համալսարանների մեծ մասը բազմաթիվ դասընթացներում գումար է կորցնում բրիտանացի ուսանողներին կրթելու համար և փոխհատուցում է դա ավելի շատ գանձելով միջազգային ուսանողներից: Եթե փակեք միջազգային երթուղին, ես չգիտեմ, թե ինչպես են համալսարանները գոյատևելու»:

Լոնդոնի արքայական քոլեջի տնտեսագիտության պրոֆեսորը հավելել է, որ սա ոչ միայն ներգաղթի, այլ նաև կրթական քաղաքականություն է, քանի որ կարող է հանգեցնել բրիտանացի ուսանողների վճարների զգալի աճի՝ փոխհատուցելու համար միջազգային ուսանողների վճարների կորուստը:

Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչն իր հերթին հրաժարվել է պատասխանել հարցին, թե որոնք են «անորակ դիպլոմները», սակայն անդրադառնալով մտավախություններին, թե հնարավոր քաղաքականությունը կվնասի համալսարաններին և Մեծ Բրիտանիայի տնտեսությանը, շեշտել է.

«Իհարկե մենք աջակցում ենք մեր համալսարաններին, նրանք աշխարհում լավագույններից են, և, իհարկե, մենք միշտ գործելու ենք Մեծ Բրիտանիայի լավագույն շահերից ելնելով»:

Կառավարությունը սկսել է քննարկել օտարերկրյա ուսանողների ու հատկապես նրանց ազգականների մուտքը երկիր սահմանափակելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորություն զուտ միգրացիան (մեկնողների ու ժամանողների տարբերությունը – խմբ.) 2022 թվականի հունիսին հասել է ռեկորդային 504,000-ի:

2021 թ. հունիսի տվյալներով այդ թիվը 173,000 էր։

Ըստ «Գարդիան» պարբերականի