«Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Դիջիթեք էքսպո 2026» ցուցահանդեսի շրջանակում անցկացված «ԱրմՌոբոտիքս»-ի (ArmRobotics) 18-րդ առաջնության եզրափակիչ փուլը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։
Եզրափակիչ փուլից առաջ անցկացվել են նախընտրական և մարզային փուլեր, այնուհետև տեղի է ունեցել հաքաթոն, որի ընթացքում թիմերը պատրաստվել են բուն մրցույթին։ Մրցույթին մասնակցել են 9-18 տարեկան դպրոցականներ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոցների սաները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և տարբեր STEM կրթական ծրագրերի թիմերը։
Ըստ մրցութային արդյունքների՝ կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ն. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի դպրոցը, երրորդ տեղում՝ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը։
Ավագ տարիքային խմբում առաջատարը Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են, երկրորդ տեղը զբաղեցրել է Քարահունջի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը։
«ԱրմՌոբոտիքս2026»-ն անցկացվում ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/՝ համագործակցությամբ։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ճարտարագիտական աշխատանոցների «Արմաթ» ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ նախապատրաստելով և ուղղորդելով երեխաներին դեպի տեխնիկական կրթություն։









