«Կերոն» զարգացման հիմնադրամը Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում նոյեմբերի 18-ին անցկացրեց իր առաջին միջազգային Keron Impact Gala / Paris 2026 — Uniting Lights for Armenia գալա երեկոն՝ համախմբելով Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների, Հայաստանի բարեկամների, բարերարների, գործարարների, մշակույթի և առողջապահության ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկերների։
Գալա երեկոն սկիզբ դրեց «Կերոն» հիմնադրամի նոր միջազգային ավանդույթին՝ երկու տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող հավաքների, որոնք նպատակ ունեն ներկայացնելու այսօրվա Հայաստանը, ամրապնդելու կապերը հայկական համայնքների հետ և միջազգային ներգրավվածությունը վերածելու Հայաստանի զարգացմանն ուղղված կոնկրետ և երկարաժամկետ մասնակցության։
Երեկոյի մեկնարկը տրվեց ժամանակակից Հայաստանը ներկայացնող տեսանյութով և ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի ողջույնի խոսքով։
Երեկոյի առանցքում Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանը ժամանակակից կրթական հարթակի վերափոխելու ծրագիրն էր՝ նախատեսված ապագա բժիշկների, հետազոտողների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։
Ծրագրի իրականացմանը մինչ այժմ միացել են բազմաթիվ անհատ նվիրատուներ, կազմակերպություններ և գործընկերներ՝ տարբեր չափի ֆինանսական ներդրումներով։
Նվիրատվությունները կատարվել են նաև reArmenia հարթակի միջոցով՝ սկսած փոքր անհատական նվիրատվություններից մինչև խոշոր աջակցություններ։
«Կերոն» զարգացման հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ, իրականացնում է համալսարանի ներկայիս 600 քմ գրադարանը 3 000 քմ ժամանակակից ուսումնական, հետազոտական և համագործակցային միջավայրի վերափոխելու ծրագիրը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հազարավոր ուսանողների, դասախոսների, հետազոտողների, բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար։
Կրթական հարթակը կունենա անհատական և խմբային աշխատանքի տարածքներ, բաց և փակ ընթերցասրահներ, տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական և հետազոտական գոտիներ, թվային ռեսուրսներ, կրթական տարածքներ և առավել մեծ հասանելիություն։
Նորաստեղծ հարթակն այսուհետ հասանելի կլինի ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլև լայն հանրությանը:
Նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակել է նիդեռլանդական Defesche van den Putte — DVDP ճարտարապետական ընկերությունը, որը հայտնի է գրադարանային ճարտարապետության և պատմական շենքերի վերականգնման ոլորտում իր փորձով։
Հյուրերին ողջունեցին և ծրագիրն առավել մանրամասն ներկայացրին «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
Երեկոյի ընթացքում ողջունեցին Վանիկ Վանունցին, ում խոշոր նվիրատվությունը ծածկել է ծրագրի ընդհանուր բյուջեի գրեթե կեսը՝ զգալիորեն մոտեցնելով նախագծի ամբողջական իրականացումը։
Գալայի ընթացքում ներկայացվեց նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի գործունեությունը։
2024 թվականից ի վեր հիմնադրամի նպատակն է Հայաստանում նպաստել բարեփոխումների՝ ներգրավելով համաշխարհային տաղանդն ու փորձը, զարգացնելով ենթակառուցվածքները և ընդլայնելով Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում։
Հիմնադրամի հինգ ռազմավարական ուղղությունները՝ կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը և տարածքային զարգացումը, միավորված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ, հաստատությունները և համայնքները կարող են զարգանալ և առաջ շարժվել։
Երեկոն առավել խորհրդանշական դարձրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի (World Doctors Orchestra) համատեղ ելույթը՝ մեկ բեմում համախմբելով երաժիշտների և բժիշկների աշխարհի տարբեր երկրներից։
Ծրագրում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ հատուկ ելույթներով հանդես եկան բազմաթիվ մրցույթների դափնեկիր Լուսինե Լևոնին և ֆրանսահայ հանրահայտ թավջութակահար Աստրիգ Սիրանոսյանը։
Երեկոյի հուրերի շարքում էին մշակույթի, երաժշտության, բժշկության, բիզնեսի և հասարակական կյանքի ճանաչված ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սերժ Ավետիքյանը, մաեստրո Սերգեյ Սմբատյանը, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Ռոզի Արմենը, Ֆրանսիայի մի շարք քաղաքների քաղաքապետներ և փոխքաղաքապետեր։
Հաջորդ Keron Impact Gala-ն նախատեսվում է անցկացնել 2028 թվականին՝ շարունակելով Կերոնի առաքելությունը՝ աշխարհի տարբեր քաղաքներում մարդկանց համախմբել Հայաստանի, նրա ներուժի և ապագայի շուրջ:













