ԳլխավորԼուր

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողները

Ժաննա Անդրեասյանը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում: Ստացվել է շուրջ 60 հայտ։ Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միայն «Մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը, այդ իսկ պատճառով «Կանաչ տնտեսություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

  • «Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ» անվանակարգ. «STEAM հետազոտող/STEAM Explorer», հեղինակ՝ Մարիամ Մարտիրոսյան,
  • «Ռազմական անվտանգություն» անվանակարգ. «Մեքենայական ուսուցման կիրառությունը ռադարային թիրախների դասակարգման համար», հեղինակ՝ Վրույր Գրիգորյան,
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգ. «Զարկ», հեղինակ՝ Վիգեն Խաչատրյան,
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Կանաչ տնտեսության նորարարական լուծումներ գյուղատնտեսական թափոնների հենքով համակցված ազդեցության կենսաքայքայվող բաղադրակազմեր», հեղինակներ՝ Տիգրան Սողոմոնյան, Սամվել Բաղդասարյան,
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների պատշաճ հավաքագրման, պահեստավորման և հետագա վնասազերծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակներ՝ Մանե Սահրադյան, Փերի Ղուկասյան, Անգելինա Հարությունյան:

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ժաննա Անդրեասյանը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ