ԳլխավորԼուր

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։

Այս տարի մրցույթը կանցկացվի «Ջութակ» մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք են ստացել 13 երկրի 20 ջութակահարներ։ Նրանք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Ճապոնիան, Չինաստանը, ՌԴ-ն, Նորվեգիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Պորտուգալիան։ Այս տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու շարունակում են հանդես գալ ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ընդգծել է՝ մասնակից 20 երաժիշտներն արդեն իսկ իրենց նվագացանկերում ընդգրկել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները‚ քանի որ դրանք ներառված են մրցույթի պարտադիր ծրագրում։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ստուգատեսի ժամանակացույցը‚ ըստ որի՝ առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին և 10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-ին և 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն իր հերթին տեղեկացրել է‚ որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է‚ ինչը պայմանավորված է ստուգատեսի որակի ու հեղինակության բարձրացմամբ։ Նա նաև նշել է‚ որ 8000-ից ավելի երաժիշտներ աշխարհի տարբեր բեմերում կատարում են Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Ասուլիսից անմիջապես հետո տեղի է ունեցել վիճակահանություն, որի միջոցով որոշվել է մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հաջորդականությունը։

Մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանի հիշատակին:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։