ԳլխավորԼուր

Ագրարային համալսարանում բացվել է ԱԹՍ-ների ուսումնական լաբորատորիա

Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և մասնավորապես ԿԳՄՍՆ-ին՝ համալսարանի նախագծերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կեպերը, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

Լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Լաբորատորիայի կահավորմանն աջակցել է «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը։

Ագրոդրոնների լաբորատորիան համալսարանի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների կողմից օգտագործվելու է ուսումնահետազոտական նպատակներով: Դրա հնարավորություններից օգտվելու են նաև ֆերմերները և մասնագետները: Կենտրոնն իրականացնելու է նաև խորհրդատվական ծառայություն։

Հավելենք, որ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունից հետո փոխնախարար Կարեն Թռչունյանն այցելել է նաև համալսարանում գործող այլ լաբորատորիաներ ու կենտրոններ: Մասնավորապես մասնակցել է Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակի բացման արարողությանը, ծանոթացել Տվյալագիտության ամբիոնի կազմում գործող գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաների աշխատանքներին: