ԳլխավորԼուր

Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը

Կյանքից հեռացել է անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ , գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,«Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը։

Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին։

Ալեքսանդր Թոփչյանը սեպտեմբերի 7-ին կդառնար 82 տարեկան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում:

Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում և թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և այլոց, ինչպես նաև հայազգի օտարագիր հեղինակների՝ Վահե Քաչայի, Ժան-Բատիստ Բարոնյանի, Վահե Գոդելի, Վազգեն Շուշանյանի, Զահրատի, Զարեհ Խրախունու գրականությանը:

Ա․ Թոփչյանի ստեղծագործական գործունեության վերջին պտուղներից մեկը՝ «Բանկ Օտոման» վեպը, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ արտերկրում հրատարակվել է մի քանի լեզուներով: Նախարարության դրամաշնորհով ստեղծվել և վերջերս լույս են տեսել նրա «Որոգայթ» վեպը և Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ստեղծագործական ժողովածուն՝ ֆրանսերենից թարգմանությամբ:

Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա գրականության հավատավորներին:

Լուսանկարը` Մեդիամաքսի

Comment here