ԳլխավորԼուր

Ես չեմ պատրաստվում դատական նիստերին ուժով մասնակցել. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարան

Ես շարունակելու եմ աշխատել. շարունակելու եմ իմ գործունեությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, որի լիզորությունները, ըստ սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:

՚«Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել:

Դատարանում, երբ որեւէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, որ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»,-ասաց նա:

Բացի դրանից, դատավորի խոսքով, պետք է լինի նաեւ իրավական հիմք, որ այդ որոշումը վերաբերում է նաեւ իրեն, իսկ հայտարարություններն այդպիսի հիմք չեն:

Հստակեցնող հարցին, թե արդյոք ինքը շարունակելու է գալ աշխատանքի, Գյուլումյանը պատասխանեց. «Դատարանը կոլեգիալ մարմին է համարվում եւ բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ եւ նույնիսկ դատարանն էլ ինձ թույլ չի տա այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անելու: Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար»:

Անդրադառնալով նրան, որ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանն արձակուրդ են գնացել, Գյուլումյանն ասաց. «Սովորաբար, երբ ՍԴ նախագահը արձակուրդ է գնում, նրան փոխարինում է տեղակալը»:

Նշենք, որ ՍԴ նախագահի տեղակալը Ալվինա Գյուլումյանն է։

Իր հերթին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները, որով դադարեցվել է ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ: Դադարեցվել է ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի (որը համարում է, որ 12 տարի ժամկետն իրեն չի վերաբերում), Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

 

 

Comment here