ԳլխավորԼուր

ԱԺ-ն ընդունեց ՍԴ նախագահին եւ դատավորներին փոխարինելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին (դատավորներին): Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով:

Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Խորհրդարանի նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ նիստին:

ՍԴ-ում 3 դատավորներ կան, որ 12 տարուց ավելի են պաշտոնավարում (Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան եւ Ալվինա Գյուլումյան), իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:

Հիշեցնենք, որ նախագիծը իշխանություններն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, որն այսօր հրապարակել է իր կարծիքը։ Եզրակացության 82-րդ կետով հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ Ազգային ժողովը նախագիծն օրակարգ է մտցրել այն օրը, երբ պիտի հրապարակվեր հանձնաժողովի կարծիքը, նաև նշել էր, որ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։

Comment here