ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

370 նոր պլանշետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր պլանշետների և եռամսյա ինտերնետային քարտերի տրամադրում նշված մարզերի առավել խոցելի ընտանիքների երեխաների հեռավար կրթության կազմակերպման համար:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:

Իր ելույթում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին` հաղթահարել համավարակի մարտահրավերը. «Մենք գիտենք, որ հեռաուսուցման համար անհրաժեշտ սարքավորումների կարիքն ավելի մեծ է, քան սարքավորումների այն խմբաքանակը, որ մենք հատկացնում ենք: ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերով ավելի լայնածավալ աջակցություն ենք նախատեսում»,- նշել է Ա. Վիկտորինը։

Comment here