Կորոնավիրուսի տարածման պայմաններում հեռավար կրթության անցնելու ժամանակ մի շարք խնդիրների են բախվել թե աշակերտները, թե ուսուցիչներն ու ծնողները՝ սկսած աշակերտների կենտրոնացման պակասից, ուսուցիչների՝ թվային սարքերին չտիրապետելու պատճառով առաջացած տագնապից մինչև սարքերի բացակայությունը և այլն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների վրա» թեմայով քննարկմանը:
Մանկական զարգացման հիմնադրամի փորձագետներն իրականացրել են «Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետությանը՝ հեռավար կրթության գործընթացներում» ծրագիրը:
Այն իրականացվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի առաջին փուլում իրականացվել է հետազոտություն: Ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, թե 2020-ի մարտ-մայիս ամիսներին ինչ խնդիրներ են ունեցել ծնողները, տարրական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կրթությունը առցանց հարթակ տեղափոխելու ժամանակ:
«Նախ փորձել ենք հասկանալ, թե ճգնաժամն ինչպես է ազդել ուսուցիչների վրա՝ առողջության, հոգեբանական բարեկեցության, ֆինանսական բարեկեցության և սոցիալական կյանքի վրա: 29 տոկոսն ասել է, որ ազդել է առողջության վրա, փոխվել է դեպի վատը, «հոգեբանական բարեկեցեության վրա ազդել է» տարբերակը նշել է 47 տոկոսը, ֆինանսական բարեկեցության վրա՝ 38 տոկոսը և 51 տոկոսը նշել է, որ ազդել է սոցիալական կյանքի վրա»,- ասաց նա:
Պարզվել է նաև, որ ուսուցիչների մեծ մասը աշխատանքի վրա ավելի շատ ժամանակ է ծախսել: Հիմնական խնդիրներն են եղել ինտերնետի բացակայությունը, անորակ թվային սարքերը, ուսուցիչների մի մասի մոտ թվային սարքերի բացակայությունը և այլն:
Բուրմանյանը նշեց, որ տեխնիկական խնդիրնեը և հավելվածներին չտիրապետելն ուսուցիչների մոտ ստեղծել է տագնապային իրավիճակներ և լարվածություն:
«Անկախ եկամուտից՝ բոլոր ծնողները դժվարություն են ունեցել համատեղելու իրենց տարբեր դերերը՝ որպես ծնող, երեխայի հետ դաս պատրաստող, որպես ընտանիքի այլ անդամներին խնամող և այլն:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն առավելագույնն են տուժել: Ծնողներն ու հոգեբանները նշել են, որ երեխաներն ունեցել են ինքնավստահության, կենտրոնացման պակաս, անօգնականության զգացում, անհանգստություններ, նյարդայնություն, սթրես»,- ասաց Բուրմանյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։