ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:
Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, «Յուքոմ» և «Ռոստելեկոմ» ընկերությունները, «Շանթ» հեռուստաընկերությունը թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline-ը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը: Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում.
Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված, սակայն, կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ: Ըստ հանրապետության մարզերից ստացված տվյալների` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա:
Այդ նպատակով նախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960 / կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:
Դրանք են`
Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor,
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD): 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղանի համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ`
Android կամ IOS:
Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core),
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:
Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:
Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:
Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:
Comment here
You must be logged in to post a comment.