ԳլխավորԽճանկար

Տոնական-մթերային խորհուրդներ՝ Առողջապահության նախարարությունից

ՀՀ Առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ սննդային թունավորումներից զերծ մնալու համար։

Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է.

• Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:

• Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն:

• Պետք է ուշադիր լինել, որ գնումների ժամանակ հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին դրվեն այլ սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև:

• Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Նշենք, որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: Հարկավոր է մշտապես հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած:

Անհրաժեշտ է իմանալ.

• Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից ավելի: Արագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները` ոչ ավելի, քան 48 ժամ:

• Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:

• Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում:

• Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն:

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:

Ի դեպ`

• Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք:

• Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

• Խորհուրդ չի տրվում գնել և սննդում օգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

• Եթե վատ եք զգում, հատկապես, եթե առկա է սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում, մարսողության խանգարում և այլն, պետք է զերծ մնալ ընտանիքի և հյուրերի համար սնունդ պատրաստելուց։