ԳլխավորԼուր

«Ե՛կ աշխարհը պիրինք Արցախ». Ափօ Սահակյանն առաջինն է

Երգիչ, երգահան, գրող Ափօ Սահակյանը ժամանել է Երուսաղեմից, տեղեկանում ենք «Մշակութային Արցախ» ֆեյսբուքյան էջից։

«Ե՛կ աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնության շրջագծում Ափօն ամենահամարձակն է։ Նա առաջինը եկավ Արցախ։ Համարձակ նաև այն առումով, որ երիտասարդ արվեստագետն աշնանային պատերազմի 44 օրերից 35-ն անց է կացրել Արցախում՝ իր օգտակարությունը բերելով արցախցի հայրենակիցներին։ Այդ օրերին են հավանաբար երգահանի մտքում ծավալվել մի քանի նոր երգերի բառերն ու երաժշտությունը, և երգերն ահա գտել են լսողին։

-Ապրել եմ և ապրում եմ իսրայելա-արաբական միջավայրում, բայց ազդվել եմ այն երգերից, որոնք իմ ընտանիքից ներս էին հնչում, իմ ծնողներն էին երգում,-ասում է Ափօն,-շնորհակալ եմ իմ ծնողներին, որ կապն ամուր են պահել արյանս հետ։ Ինքս նույնպես սկսեցի երգել ժողովրդական, ազգագրական երգեր։ Ու սկսեցի նաև գրել ու իմ գրածը երգել։ «Մուսա լեռան բարբառը», «Քարին տակը», «Կյասըս, քիսըս»․․․ Գրում եմ նաև արցախյան բարբառով։ Շատ երգեր եմ գրել, մի մասն Արցախում այս օրերին երգեցի։

Մայիսի 7-ին Ափօն Մարտունիում էր։ Եվ դա նույն ծրագրի շրջանակներում։ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի «Ե՛կ աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնության մեկնարկը մշակութային էր, բայց դա սկիզբն է միայն։

-Այս ծրագրով սփյուռքահայ տարբեր գործիչների պիտի հրավիրենք Արցախ,-փակագծեր է բացում Թուֆենկյան հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը,-տարբեր ձևաչափերով պիտի կազմակերպենք հանդիպումներ։ Նախատեսել ենք, որ ընթացիկ տարում գոնե չորս այսպիսի այցելություններ տեղի կունենան։ Մեզ կմիանան գործիչներ նաև Հայաստանի Հանրապետությունից։

Ռ․ Ճանպազեանը համագործակցող կողմերից նշում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակին։

-Թուֆենկյանի հետ նախատեսել ենք այս ծրագրով կամուրջ ստեղծել Արցախի ու աշխարհի, Արցախի ու սփյուռքի, Արցախի ու մայր Հայաստանի, արցախցու և, առհասարակ, հայ մտավորականի, հայ արվեստագետի, հայ մարդու միջև՝ աշխարհի որ ծայրում էլ նա բնակվի,-Համազգայինի արցախյան գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն է պատմում։-Ուզում ենք ասել, որ արցախցին իր երկրում, իր տանը խաղաղ ապրել ու ստեղծագործել է կամենում, և այս անորշության մեջ շարունակում է արարել։

Ռ․ Ճանպազեանը և Հ․ Ավագյանը նշում են՝ նախաձեռնությանը միացել և համերգային ծրագրերին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև «Կինի Ստեփանակերտ» սրճարանը, Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնը, «ՋՋ» տաքսի ծառայությունը:

Ափօ Սահակյանը, նվագախմբի անդամներն ու արցախցի երիտասարդները ծրագրի անդրանիկ հանդիպումը սկսել են երգերով, ավարտել շուրջպարով։

Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։