ԳլխավորԼուր

Ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» (տեսանյութ)

Ֆուտբոլիստ Արաս Օզբիլիս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ, տեղեկանում ենք ակումբի կայքից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիսը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։

Ողջունում ենք Արաս Օզբիլիսին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Օզբիլիսը հեռացել է «Փյունիկ»-ից։