ԳլխավորԼուր

Պեպ Գվարդիոլան հասկանում է «Ինտեր»-ին. մարզիչների հետխաղային ասուլիսները

Պեպ Գվարդիոլա, Սիմոնե Ինձագի

Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի կարծիքով՝ իր թիմի ֆուտբոլիստները հպարտանալու աշխատանք են կատարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նորմալ եմ համարում հիասթափությունը: Սակայն, «Ինտեր»-ի ֆուտբոլիստները պետք է հպարտանան այն աշխատանքով, որ կատարեցին այս եզրափակիչում: Խաղում էինք հզոր հակառակորդի հետ և արժանի չէինք պարտության»,- լրագրողների հետ խաղից հետո ունեցած հանդիպման ժամանակ ասել է նա ու հավելել.

«Մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես մեզ չհաջողվեց խաղավարտին մոտ դառնալ գոլի հեղինակ»:

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տոնած հաղթանակը համարում է նախախնամություն:

«Սա աստղերի կողմից գրված եզրափակիչ էր: Նրանք կարող էին խաղավարտին մոտ հավասարեցնել հաշիվը, և ամեն ինչ այլ ընթացք կստանար: Ուզում եմ շնորհավորել «Ինտեր»-ին նրանց ելույթի կապակցությամբ»,- լրագրողների հետ հետխաղային մամլո ասուլիսին ասել է Գվարդիոլան:

Կատալոնացի մասնագետի խոսքով՝ ինքն այժմ հասկանում է «Ինտեր»-ին, քանի որ նույն իրավիճակում էր իր թիմը երկու տարի առաջ:

«Նրանք երկրորդ լավագույնն են Եվրոպայում, և դա հրաշալի է»-ասել է նա:

Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում հունիսի 10-ին կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և իտալական «Ինտեր»-ը։ Խաղն ավարտվեց հօգուտ «Մանչեսթեր Սիթի»-ի՝ 1:0:

«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների նստարանին էր ու փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: