ԳլխավորԼուր

Միանվագ 500 000 դրամ կտրամադրվի պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է ԱՀ կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն (500 000 դրամ):

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին: Այնուհետև շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները տասնհինգ օրվա ընթացքում ուսումնասիրվելու և քննարկվելու են, ինչի արդյունքում կազմվելու է եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին:

Comment here