ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյան

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մենամարտեց Կիրիլ Միլովի (Բուլղարիա) հետ ու վստահ հաղթանակ տարավ 5-1 հաշվով։

Այսպիսով, «Սպիտակ արջը» դարձավ աշխարհի քառակի չեմպիոն։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում նա մրցել էր Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Դրանից առաջ Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթեհան Բասարին, իսկ քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ էր տարել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ:

Հավելենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կավարտվի սեպտեմբերի 18-ին։