ԳլխավորԼուր

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը սեպտեմբերի 11-ին բրոնզե մեդալ է նվաճել:

Վճռորոշ գոտեմարտում նա 7։1 հաշվով առավելության է հասել սերբ մարզիկ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։

Մինչ այս Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որոնցում նախ հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա առավելության հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակիցը՝ վրացի Լուրի Լոմաձեն, հրաժարվել էր պայքարից: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը հավասար միավորներով պարտվել էր հունգարացի մրցակցին։

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել։

Դրանից առաջ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթեհան Բասարին, իսկ քառորդ եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ:

Մեդալ նվաճելու հնարավորությունները պահպանում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչից լքել է պայքարը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է հենց մեկնարկում, իսկ 82 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում տարած հաղթանակից հետո 1/8 եզրափակչում պարտություն է կրել և դուրս մնացել պայքարից։

Սեպտեմբերի 12-ին աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 60 և 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասափյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչներից:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կավարտվի սեպտեմբերի 18-ին։