ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է աստղաֆիզիկոս Սերգեյ Ներսիսյանը

Սերգեյ Ներսիսյան

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակից Սերգեյ Ներսիսյանը։

Սերգեյ Ներսիսյանը ծնվել է 1947թ․ հունվարի 6-ին։ 1970թ․՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետը, անմիջապես աշխատանքի է ընդունվել Բյուրականի աստղադիտարանում, որտեղ աշխատել է սկզբում որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ գիտաշխատող մինչև 2001 թվականը։

Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտն էին ածխածնային աստղերը և աստղակույտերը։ 1987թ․ Ս․ Ներսիսյանին շնորհվել է ֆիզ․-մաթ․ գիտությունների թեկնածուի աստիճան։ 2002 թվականից աշխատել է Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում որպես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի դասախոս:

Բացի իր գիտական գործունեությունից, նա hրատարակել է «Աստղալից երկինք» (2000) հանրամատչելի գիրքը և «Աստղագիտություն միջնակարգ դպրոցների համար» (2003) դասագիրքը: Մասնակցել է Միջազգային աստղագիտական օլիմպիադաներին՝ որպես հայկական թիմի ղեկավար և հանդիսացել է Հայաստանի hանրապետական աստղագիտական օլիմպիադաների ժյուրիի անդամ:

2014 թվականին արժանացել է Գալիլեյան ուսուցիչների ծրագրի (GTTP) հավաստագրի: Ս․Ներսիսյանը Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ էր:

Բյուրականի աստղադիտարանն իր խորին ցավակցությունն է հայտնում Ս․ Ներսիսյանի հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ուսանողներին։