ԳլխավորԼուր

Երևանում ավտոմեքենան բախվել է մոպեդին. 15-ամյա տղա է մահացել

Անցած գիշեր Երևանում ավտոմեքենայի ու մոպեդի բախման հետևանքով 15-ամյա տղա է մահացել, հայտնում է Shamshyan.com–ը։

Ժամը 02։15-ի սահմանում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին, որը կարմիր լույսի տակ կանգնած է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում։

Բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը` տեղում մահացել։

Կայքի տեղեկություններով՝ անչափահաս տղան Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում առաքիչ էր աշխատում, դեպքի պահին առաքում կատարելիս է եղել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։