Հունվարի 16-ին, ժամը 19:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Եղեգնավան գյուղի տարածքում գտնվող Կախանովի ջրանցքը․ կան տուժածներ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:
Ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1956 թ.) և Ռ․ Մ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և վարորդի դին: