ԳլխավորՓորձադաշտ

Ժպտուն աչքերով աղջկա ու սրամիտ տղայի մասին

— Կարելի՞ է նստել։

Մերին զարմացած հայացքը հառեց սեղանի առջեւ չգիտես որտեղից ծլած երիտասարդին ու դեռեւս ոչինչ չմտածելով՝ մեխանիկորեն հարցրեց.

— Իսկ եթե ո՞չ։ Հատկապես որ ես ընկերոջս եմ սպասում։

-Եթե ոչ՝ ես ինձ ցած կնետեմ Կիեւյան կամրջից։ Նմանատիպ դեպքերում ես միշտ այդպես եմ վարվում,-շարունակեց տղան, ում անունն, ի դեպ, Կարեն էր։ Ինչու ի դեպ, որովհետեւ մեր պատմության համար անուններն այնքան էլ կարեւոր չեն։

Աղջիկը զսպեց ժպիտը, բայց դրանից նրա դեմքը տարօրինակ-ձգված տեսք ստացավ, ու սկսեց ավելի ուշադիր ուսումնասիրել սրամիտ երիտասարդին, բայց այնպես, իբր փորձում է նրա թիկունքի ետեւից ինչ-որ մեկին հայացքով օգնության կանչել։ Դե երիտասարդը, ինչ ճիշտն է, վատը չէր, գոնե արտաքնապես. միջինից բարձր հասակ, նույնիսկ հագուստի տակից զգացվող մկանուտ մարմին, շագանակագույն աչքեր՝ ջերմ հայացքով, հայկական չափանիշներով, կարելի է ասել նույնիսկ նուրբ, քիթ… «Երեսուն չկա»,-մտքում տարիքն էլ գնահատեց Մերին։

— Եթե տհաճություններից չեք վախենում… նստեք, չնայած Ձեր փոխարեն ես կվերադառնայի իմ տեղն ու կշարունակեի գարեջուրս վայելել։ Որովհետեւ ընկերս մի փոքր ուշանում է, բայց հենց եկավ, Դուք կգերադասեք թեկուզ կամրջից նետվելը։

Կարենը մի փոքր ձգվեց, բայց տղայական ինքնասիրությունն ու էլի ինչ որ բան, երեւի աղջկա աչքերում կայծկլտացող ժպիտը, նրան թույլ չտվեց նահանջել, ու նա հարմար տեղավորվելով սեղանի մոտ (հեռախոս, սիգարետ, կրակվառիչ)՝ սկսեց մատուցողուհուն փնտրել հայացքով։

— Իսկ ինչ կխմեք… շրջվեց նա դեպի Մերին ու վեր թռավ տեղից. աղջիկը պայուսակը ձեռքին՝ արագ քայլերով արդեն հասել էր սրճարանի մուտքի մոտ։ Կարենը ընթացքից վերցնելով սեղանին շարած իր իրերը՝ նետվեց դուրս։ Մոտ 20 մետրից գրեթե հասնելով աղջկան, ցանկացավ ասել, որ… Մեկ էլ չգիտես որտեղից հայտնվեց հեւասպառ, ճերմակ հագուստներով ու ճերմակ դեմքով մի ոչ երիտասարդ կին ու ձայնեց.

— Երիտասարդ, հաշիվը, հաշիվը…

Կարենը մի պահ չհասկացավ. «Ինչ է ուզում այս խելագարը, ժամանակ գտա՞վ», ու շշպռեց.

— Տիկին, եթե «Ռոմայի» երեկվա խաղի հաշիվն եք ուզում իմանալ՝ 2-0։ Երկու գոլն էլ Մխիթարյանը խփեց։

Տարօրինակ սպիտակաճերմակ կինը իր հերթին թունոտ նետեց.

— Երիտասարդ, ես ընդամենը ձեր գարեջրի գումարն եմ ուզում։ Ով կսպասեր, որ մի քանի 100 դրամի համար գլխապատառ դուրս կնետվեք սրճարանից։

Կարենը միանգամից կարմրեց, բայց հայացքը հեռացող Մերիի ետեից՝ որոշեց ամաչելն ու մտատանջվելը հետաձգել մի ուրիշ հարմար առիթի, եւ ձեռքն ընկած առաջին թղթադրամը մեկնելով մատուցողուհուն՝ շտապեց շենքի անկյունը թեքվող աղջկա կողմը։ Բայց հասնելով անկյունին՝ նա սարսափով փաստեց, որ աղջիկն անհետացել է։

Կարենը մի քիչ էլ այս ու այն կողմ վազվզելուց հետո թեւաթափ կանգնեց՝ խառնաշփոթ մտքերի միջից հասկանալով, որ ինքը սիրահարված է։ Ժանրին հավատարիմ ու սրտաճմլիկ տեսարաններից անպակաս՝ անձրեւ սկսվեց։

***

Մերին շենքի անկյունն անցնելուց հետո անմիջապես նետվեց շարժվող ավտոբուսի մեջ եւ դեռ հասցրեց տեսնել, թե ինչպես է այն տարօրինակ տղան այս ու այն կողմ նետվում կանգառում։ Նա հաղթական ժպտաց ու… ժպիտը սառեց նրա դեմքին. ախր ինքն ինչ է անում այստեղ՝ այս հրմշտոցում, բա իր սիրելի փոքրալիտրաժ «Մերսեդեսը»՝ սրճարանի մոտ՝ կարմիր գծից այն կողմ։

Նա հաջորդ կանգառում իջավ ու սկսեց քայլել դեպի սրճարանը՝ վստահ, որ այլեւս չի տեսնի այն տղային։ Հեռախոսը սկսեց շվշվացնել Winde of change-ը. Մարինան էր։

— Այ թիթիզ, էս ո՞ւր ես։ Ասենք թե մի 5 րոպե սպասեցրել եմ քեզ, պետք է թողնես ու առանց ասելու գնա՞ս։ Կարող էիր, չէ՞, զանգել։ Համ էլ չեմ հասկանում՝ մեքենադ ինչ է անում այստեղ, կարո՞ղ է ինչ-որ բուտիկ ես էլի մտել ու մոռացել քեզ էլ, աշխարհն էլ…

— Սպասիր, հասնում եմ,-ընկերուհու բառերի հեղեղը մի կերպ ընդհատեց Մերին։

Պատմելով մի կես ժամ առաջ իր հետ պատահածը՝ Մերին սպասում էր, որ ինքն էլ մի լավ կծիծաղի ընկերուհու հետ։ Բայց մի տեսակ տխրեց։ Մարինան նկատեց.

— Ոնց որ թե էնքան էլ ուրախ չես հա՞։ Անեկդոտը հիշո՞ւմ ես, երբ հավը փախչում է աքլորի առջեւից ու տենդագին մտածում. «Տեր աստված, տեսնես հո շատ արագ չեմ վազում»։

— Զզվելի… ընկերուհուն հրեց Մերին ու գործի գցեց իր ավտոմատ փոխանցումատուփով «Մերսեդեսի» շարժիչը։ Պետք է վերադառնային տուրիստական գործակալություն, որտեղ եւ աշխատում էին։

***

Կարենը, որ աչքի չէր ընկնում զգացմունքների մշտականությամբ ու սրտից երբեք թույլ չէր եղել, իսկապես սիրահարվել էր մինչեւ մազերի ծայրը, չնայած որ նրա մազերը շատ կարճ էին։ Կատակը կատակ, բայց տղան կորցրել էր քուն-դադարը ու դիմել էր իր ընկերներին (ովքեր շատ-շատ էին. Կարենը շինարարարկան մի փոքր բիզնես ուներ, բազմաթիվ մարդկանց հետ էր շփվում ու խելացի եւ սրամիտ լինելու շնորհիվ՝ արագ ծանոթներին վերափոխում էր ընկերների, իսկ ծանոթուհիներին՝ ընկերուհիների)՝ մոտավորապես նկարագրելով աղջկան այսպես. ոչ բարձահասակ, ոչ ցածրահասակ, ոչ գեր, ոչ նիհար, մազերը ոչ շատ երկար, ոչ էլ շատ կարճ, սպիտակ վերնաշապիկով։ «Մի խոսքով՝ շատ սիրուն, կյանքի կտոր՝ ժպտուն ու կանաչ աչքերով»։ Ու տղաները օրեր շարունակ սրճարանի մոտակայքում ու դրանից 1 կմ շառավղով «կյանքի կտոր» էին փնտրում՝ ընկերոջն այդ վիճակից հանելու համար։ Ի դեպ, նույն բառերը Կարենը գրել էր «Ֆեյսբուքում»՝ որպես ստատուս, խնդրելով տեսնողներին գրել իրեն։

3 օր անց առաջինը նրան տեսավ հենց Կարենը՝ նույն սրճարանի մոտով անցնելիս՝ մի քանի աղջիկների հետ։ Աչքերին չհավատալով՝ նա մոտեցավ խմբին եւ ուշադրություն չդարձնելով իրեն զարմացած ու հեգնանքով նայող աղջիկների սրամտություններին (մի ուրիշ դեպքում Կարենը հաստատ «տակ չէր մնա»), խնդրեց Մերիին՝ իրեն 2 րոպե հատկացնել։ Մերին դեմքին դժկամ արտահայտություն տալով, բայց ներքուստ քիչ է ասել՝ ուրախ, համաձայնվեց։ Այդպես ծանոթացան։

***

2 ամիս անց, հետեւում թողնելով 54 հանդիպում, 647 զանգ (411-ը՝ «Ո՞ւր ես, հասե՞լ ես», «Բա դու ո՞ւր ես» թեմայով), 1457 sms (1102-ը՝ «Կյանք, քո քունն էլ չի տանո՞ւմ»), 14 այցելություն՝ բարեկամներին ու ընկերներին, 5 կինոդիտում եւ 7 այցելություն՝ համերգասրահ, երիտասարդները հանկարծ իրենց գտան հարսանյաց շքեղ սրահում, ուր բոլորն անընդհատ իրենց կենացն էին խմում, մաղթում աշխարհի ամենա-ամենա լավը, թամադան էլ ստիպում էր պարել, տորթ կտրել-ուտել ու ծաղիկ շպրտել։ Ու Կարենն ու Մերին, հարսանեկան նախապատարստությունների վազքից հոգնած-բժժած, բայց անսահման ուրախ՝ ամեն ինչ անում էին՝ հենց սեղանի մոտ հանկարծ չքնելու համար։

Իսկ երկնքից երեք տարոսիկ ընկավ այն բարեկամների համար, ում տարոսիկ չէր հասել։ Դե կարող էինք գրել, որ 55 տարոսիկ ընկավ, բայց նախ հեքիաթներում այդպիսի թիվ չկա, եւ երկրորդ, ինչքան էլ լիներ, էլի միշտ լինելու էր բարեկամի բարեկամի բարեկամ, ով նեղանալու էր, որ իրեն տարոսիկ այդպես էլ չհասավ։

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here