ԳլխավորԼուր

Մարտի 15-ից ՀՀ-ում կարգելվի ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի փակ և բացօթյա օբյեկտներում

2022 թվականի մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության Facebook-յան էջում:

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի ինչպես փակ, այնպես էլ՝ բացօթյա սննդի կետերում՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

Հիշեցենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։

Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։