ԳլխավորԼուր

ՌԴ բուհերում կտրուկ փոփոխություններ են սպասվում արդեն սեպտեմբերի 1-ից

Ռուս ուսանողները լսարանում

ՌԴ բուհերում վճարովի տեղերի քանակի կարգավորումը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և կվերաբերի երկրի բոլոր համալսարաններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիտության և կրթության խորհրդի նիստում նշել էր տնտեսության կողմից չպահանջված մասնագիտությունների վճարովի ընդունելության սահմանափակման անհրաժեշտությունը: Նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել բուհերում վճարովի համալրումը, որպեսզի կրճատվի որակյալ կադրերի պակասը։

«Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, բայց մենք արդեն սկսել ենք աշխատանքը։ Եվ մենք ունենք հանգամանալից վերլուծություն ՝ ըստ բոլոր մարզերի, ըստ յուրաքանչյուր համալսարանի։ Արդեն այս տարի, օգտագործելով ձեռքի տակ գտնվող ողջ գործիքակազմը, մենք «Ռոսոբրնադզորի», մարզերի մեր գործընկերների հետ համատեղ սկսում ենք իրականացնել այդ աշխատանքը», — ասել է նախարարը։

Ֆալկովը հավելել է, որ կարգավորումը կվերաբերի բոլոր բուհերին, մասնագիտություններին և պատրաստման ուղղություններին:

«Մենք հասկանում ենք, որ ամենամեծ խնդիրը կենտրոնացած է կրթության երկու խոշորագույն ոլորտներում ՝ «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն: Դա ամենևին չի նշանակում, որ մեզ այդ ոլորտների մասնագետներ պետք չեն, պետք են։ Ավելին, շուկայում որակյալ իրավաբանների, տնտեսագետների, մենեջերների պակաս կա։ Մեր խնդիրն է դադարեցնել անորակ բարձրագույն հումանիտար կրթությունը», — ասել է նախարարը։

Ֆալկովն ընդգծել է, որ նախորդ տասնամյակների ընթացքում անհամաչափություններ են կուտակվել, երբ բուհերի կողմից պատրաստվողների թիվն ակնհայտորեն չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Միևնույն ժամանակ պարադոքսալ իրավիճակ է առաջանում, երբ մի շարք մասնագիտությունների համար բավարար որակյալ կադրեր չկան։

«Մենք հասկանում ենք, որ, ամենայն հավանականությամբ, մի շարք համալսարաններ ոչ թե լավ կրթություն են տալիս, այլ պարզապես բարձրագույն կրթության դիպլոմներ, և այստեղ շահույթ ստանալու հարցերը չպետք է առաջնահերթ համարենք։ Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի համար ենք պատրաստում այս կամ այն մասնագետներին, որքանով են նրանք պահանջված»,- եզրափակել է ՌԴ կրթության և գիտության նախարարը։