ԳլխավորԼուր

Արցախում բացվել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը

Հուլիսի 22-ին կայացել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն կազմակերպվել է ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրի շրջանակում՝ ԱՀ ԿԳՄՍՆ և ՊՆ նախաձեռնությամբ, հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:

Ճամբարի կազմակերպման հիմնական նպատակը պատանիների նախազորակոչային պատրաստության իրականացումն է, որը ներառում է ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական ծառայության նախապատրաստման և առողջության ամրապնդման աշխատանքներ, ինչպես նաև խնդիր է դրված մշակութային ու մարզական միջոցառումների և առօրյա հանգստի կազմակերպման միջոցով ճամբարականների ժամանցը դարձնել հետաքրքիր ու հագեցած:

Ճամբարին մասնակցում են Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի պատանիներն ու արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների երկրորդ կուրսի ուսանողները:

Այս օրերին նրանք հնարավորություն կունենան այցելել զորամասեր, հանդիպել մարտական գործողությունների մասնակիցներին, ծանոթանալ ռազմական տեխնիկային, զինծառայողների առօրյային ու կենցաղին:

Յուրաքանչյուր հերթափոխում կիրականացվեն էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր, հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, համերգներ տարբեր համույթների կողմից, ինչպես նաև՝ գիտակների մրցույթների կազմակերպում տարբեր թեմաներով:

Արարողությանը ներկա ԱՀ պետական նախարար Ա. Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը ողջունել են ճամբարականներին, շնորհավորել նրանց ճամբարի բացման կապակցությամբ և ծանոթացել պայմաններին ու առօրյային։