Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության է տեղափոխվել Երևանի 28-ամյա բնակչուհին:
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին՝ հյուրանոցային համալիրի կայանատեղիում, մի խումբ կանայք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 34-ամյա կինը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 34-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է վարույթը նախաձեռնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Քրեական վարույթը շարունակվում է: