12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մասնակից ունի բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակ տարավ Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում: Հայ մարզիկը մեծ առավելությամբ պարտության մատնեց ադրբեջանցի Մուհամեդ Աբդուլաևին, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
«Առաջին ռաունդի մեկնարկից Չալոյանը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա ու բռնցքամարտի լեզվով ասած իսկական ծեծ տվեց ադրբեջանցուն: Նույն էր նաև երկրորդ ռաունդում: Մեր մարզիկը մրցակցին սեղմել էր ռինգի պարաններին, և մենք շատ վստահ առաջին և երկրորդ ռաունդերը շահեցինք 5:0 հաշվով:
3-րդ ռաունդում գյումրեցի մարզիկը արդեն տակտիկական մենամարտ անցկացրեց ու մեկ վայրկյան անգամ կասկածի տակ չդրեց իր հաղթանակը: Աշխարհի առաջնությունում մենք երկու մենամարտ ենք ունեցել ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ և երկուսում էլ հաղթանակ ենք տոնել:
Ավելի վաղ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ գեղեցիկ հաղթանակ էր տոնել նաև Հովհաննես Բաչկովը»,-նշում են ՀԲՖ-ից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։