ԳլխավորԼուր

Դավիթ Տոնոյանը հայ սպայի մասնակցությամբ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին զրուցել է Անջեյ Կասպրշիկի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:

Հ․Գ․ Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերենով մշակված տեքստը»,- գրել է Շուշան Ստեփանյանը։

Comment here