ԳլխավորԼուր

Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը այլեւս պարտադիր չէ

Դիմակով անցորդներ Երեւանում՝ կորոնավիրուսի համավարակի օրերին

Հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

• երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,

• բնակության վայրում (տանը, բնակարանում),

• Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

• անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),

• հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,

• լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

• ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,

• առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

• հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,

• հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,

• կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,

• դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն ընթացիկ տարվա հոկտեմբերի 30–ին էր խստացրել կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։