ԳլխավորԼուր

«Մեր անելիքներն ուղղված են աշխատաշուկայի պահանջները բավարարելուն»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին:

«Սա մի դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ և կոչված ենք միասին աշխատելու և գտնելու ավելի արդյունավետ մեխանիզմներ ու համագործակցության նոր ձևաչափեր: Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է ՄԿՈՒ ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շարունակական զարգացման խնդիրը, և այսօր այն փուլում ենք, երբ խոսում ենք կուտակված փորձի հիման վրա դրա ինստիտուցիոնալացման մասին»,- նշել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում նախնական և միջին մասնագիտական կրթության մասին նոր օրենքի նախագծի շուրջ, որտեղ ամրագրվելու են դուալ կրթության կարգավորումները և կուտակած փորձառության հիման վրա համակարգի զարգացումը որակապես նոր մակարդակի բերելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարության ծրագրում ամրագրվել է նաև կարևոր թիրախ, որը սահմանում է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկման անհրաժեշտությունը՝ ընդհուպ մինչև մասնավորի կողմից և մասնավորի հետ կառավարման մոդելներ:

Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը /GIZ/, որը դուալ կրթության ներդրման հարցում հանդիսանում է ԿԳՄՍ նախարարության վաղեմի և արդյունավետ գործընկերը: Նա ուրախությամբ փաստել է, որ դուալ կրթության պարագայում ՀՀ կրթական համակարգը փոխառել է հենց գերմանական փորձը, քանի որ ՄԿՈՒ համակարգը և դրա մոդելներն ու գործիքակազմը շատ զարգացած են Գերմանիայում:

Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը՝ նշելով, որ Գերմանիայում դուալ համակարգն իրավամբ շատ զարգացած է: Նրա խոսքով՝ այդ համակարգն օգնել է հաղթահարել Գերմանիայի տնտեսության ճգնաժամերը և հիմք հանդիսացել դրա հետագա զարգացման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ հայ գործընկերներն օգտվում են հենց գերմանական փորձից՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության հետ հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնելով:

Անդրադարձ է կատարվել նաև աշխատաշուկայի պահանջի ու աշխատուժի պակասի համատեքստում ՄԿՈՒ ոլորտի շարունակականության ապահովման անհրաժեշտության հարցերին: