ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով:
Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր Բելաևը:
Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍՆ-ն սահմանված կարգով նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում կքննարկի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն, կհաստատի ներկայացված աշխատանքային նախագծերը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն և աջակցություն և այլն:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի տեղափոխման և նոր վայրում վերականգնման աշխատանքները՝ դրանք նախապես համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության հետ: